ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիական բուհերում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկում է տարկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը երկրորդից չորրորդ կուրսերում, որի ընթացքում ուսանողի ուսման վարձը կվճարի պետությունը:
Ծրագրում ընդգրկված անձինք պարտավորվում են.
- ուսումնառության ընթացքում 5 կիսամյակ (2-րդ կուրսի 1-ին կիսամյակից սկսած մինչև 4-րդ կուրսի 1-ին կիսամյակը ներառյալ) յուրաքանչյուր շաբաթ օր (բացառությամբ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածը) մասնակցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվող ռազմական պատրաստության դասընթացներին,
- ուսումնառության ավարտից հետո ՀՀ զինված ուժերում անցնել սպայական ծառայություն՝ 3 տարի ժամկետով, որպես դասակի հրամանատար մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվում է. ուսումնառության ավարտից հետո անձին ՀՀ զինված ուժերում նշանակել սպայական պաշտոնի՝ ստացած ռազմական մասնագիտացմանը համապատասխան:
Բուհում ուսումնառությունից սահմանված կարգով հեռացված, ծրագրի մասնակցությունից հրաժարված (ինչպես ուսումնառության ընթացքում, այնպես էլ՝ բուհն ավարտելուց հետո) անձինք դուրս կմնան ծրագրից՝ զրկվելով տարկետման իրավունքից և փոխհատուցելով մինչ այդ ուսանողի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա ուսումնառության համար վճարված գումարը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 15-ը, որից հետո կկազմակերպվի թեկնածուների բուժզննման գործընթացը:
Բուժզննման արդյունքում պիտանի ճանաչված թեկնածուների համար կանցկացվի թեստավորում մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից, որի արդյունքում լավագույնները կընդգրկվեն ծրագրում: Ծրագրում ընդգրկվելու համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել ԲՈՒՀ-երի ռեկտորատներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 294584 հեռախոսահամարով: